Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը «Իքսի» միկրոբլոգում անդրադարձել է 2023 թվականին միջազգային կառույցներում Հայաստանի գրանցած հաջողություններին։
«2023 թվականի ընթացքում Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ հաստատվել է մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտրություններում։
Շնորհակալություն այն երկրներին, որոնք սատարել են Հայաստանի թեկնածությունը:
Շնորհակալություն բոլոր գործընկերներին, որոնք աշխատել են համապատասխան փաստաթղթերի վրա»,- գրել է խոսնակը։
Գրառման համաձայն՝ Հայաստանի թեկնածությունը հաջողությամբ հաստատվել է՝
- ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի ընտրություններում (Commission on Crime Prevention and Criminal Justice) 2024-2026 թթ. համար.
- ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի ընտրություններում (Commission on Narcotic Drugs) 2024-2027 թթ. ժամանակահատվածի համար.
- Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի ընտրություններում (Board of Governors of the International Atomic Energy Agency) 2023-26 թթ համար,
- ՄԱԿ-ի Ծրագրերի և համակարգման կոմիտեի ընտրություններում (Committee for Programme and Coordination - CPC) 2024-2026 թթ․ համար.
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի ընտրություններում (UNESCO Committee for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict) 2023-2027 թթ. ժամանակահատվածի համար: