ՆԳՆ բարեփոխումների շրջանակում 2023 թվականին մեկնարկել է ոստիկանության ծառայողների ատեստացիան։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Օրենսդրական համապատասխան փոփոխություններով՝ ոստիկաններին հնարավորություն է տրվել անցնելու ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալու նաև հավելավճար:
Կառավարությունը հաստատել է ատեստավորման անցկացման կարգերը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափերը: Ատեստացիային ընդառաջ իրականացվել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով նաև մշակվել է համապատասխան ուղեցույց։
Արդեն իսկ իրականացվել է 1119 ծառայողի ատեստավորում: Այն հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։ Ատեստավորված ծառայողների մեջ կան ոստիկանության տարբեր խմբերի ծառայողներ՝ շարքայինից մինչև բարձրագույն խմբի ոստիկաններ:
Արդեն իսկ իրականացված ատեստավորման վիճակագրությունը գործընթացի բացարձակ օբյեկտիվության վկայությունն է։ Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարներ, այլև ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։
Նշված ամբողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, բարձրանում են ծառայողների սոցիալական երաշխիքները։ Ատեստացիայի շնորհիվ, օրինակ, օպերատիվ աշխատակիցը, որը նախկինում ստացել է 222 000 դրամ (զուտ) դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով՝ ստանում է 459 000 դրամ (զուտ)։
Գործընթացը շարունակվում է. ոստիկաններն ունեն երեք տարի ժամանակ՝ ատեստացիա անցնելու համար: