Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ:
Հեռագրում ասված է. «Խորը ցավով տեղեկացա Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի մասին, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։
Այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը բարեկամ ճապոնացի ժողովրդի կողքին են։
Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկվող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն բնական աղետի ծանր հետևանքները։
Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»: