ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը այն պահից սկսած, երբ Կոնգրեսը 1998 թ. ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը ներառել եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում, որտեղ թույլ են տրվում կրոնի ազատության լուրջ խախտումներ:
Բացի այդ, ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը ներառել եմ հատուկ դիտարկման երկրների ցանկում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար:
Կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային բռնությունները և երկարատև բանտարկությունը խաղաղ արտահայտման համար, անդրազգային բռնաճնշումները և կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը:
Շնորհիվ այն մարդկանց կայուն հանձնառության, որոնք չեն ցանկանում ընդունել ատելությունը, անհանդուրժողականությունը և հետապնդումը որպես ստատուս քվո, մի օր մենք կտեսնենք մի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն և հավասար»: