Իրանում ավելի քան 100 մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատանը սգո մատյան է բացվել: Ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին Քերման քաղաքի գերեզմանատան մոտ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Սգո մատյանում գրառումներով հարևան ժողովրդին ցավակցություն են հայտնել Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունը՝ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը և թե՛ արտաքին գործերի նախարարը, իրենց գործընկերներին փոխանցել են ցավակցական հեռագրեր Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած ահաբեկչական գործողություն, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար։ Նման դեպքերը ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարը որևէ վայրկյան չպետք է դադարի, և պետությունները պետք է շարունակեն միասնական ճակատով պայքարել դրա դեմ, որովհետև դա համամարդկային չարիք է»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։