Կառավարության հավանությանն է արժանացել ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:
Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա լուծել ՏՀԶԿ Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը (BEPS) ծրագրի 5-րդ միջոցառման (Harmful tax practices) տեղայնացման աշխատանքների շրջանակում ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) շահագործողների համար սահմանված արտոնությունները որպես «վնասակար» հարկային ռեժիմներ սահմանելու հետ կապված հարցերը։ Մասնավորապես, «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ գործող կարգավորումներով ամրագրված են գործունեության այն տեսակները, որոնք արգելված են ազատ տնտեսական գոտիներում։
Սույն նախագծով նախատեսվում է սահմանել ԱՏԳ տարածքում թույլատրելի գործունեության տեսակները, որոնք ընտրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները՝ նպաստելու տվյալ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև միջազգային փորձը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն մոտեցումը, որ մշակող արդյունաբերության և ծրագրային ապահովման մշակման գործունեության տեսակներից բացի՝ պետք է ներառվեն նաև այն ոլորտները, որոնք ընդգրկում են Կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Մասնավորապես, ծառայությունների ոլորտից ներառվել են զբոսաշրջության զարգացմանը միտված գործունեության տեսակները, ինչպես օրինակ՝ հյուրանոցային ծառայությունների կազմակերպում, կացության և հանրային սննդի կազմակերպում և այլն, ինչը միտված է զբոսաշրջային կլաստերի ձևավորմանը և զարգացմանը։
Կսահմանվեն պահանջներ, որոնց շրջանակում կհավաստվի, որ այդ գործունեությունն իրականացվում է արտոնությունից օգտվող հարկ վճարողի կողմից, արտոնությունից օգտվող ընկերություններից կպահանջվի ունենալ արտոնյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար քանակի և մասնագիտացմամբ աշխատողներ:
Կսահմանվեն նշված պահանջների նկատմամբ հսկողության կառուցակարգեր, որոնց արդյունքում պահանջներին չբավարարող շահագործողների նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ:
Հավանություն է տրվել նաև ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունումը պայմանավորված է բժշկական արտադրատեսակների արտադրության և սպասարկման գործունեություն համար լիցենզավորման պահանջի վերաբերյալ սահմանված անցումային շրջանը երկարաձգելու անհրաժեշտությամբ: