Հունվարի 2-ին որոշ Երևանի որոշ վարչական շրջաններում ջրանջատումներ են եղել: Կառավարության՝ հունվարի 4-ի ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադարձավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ նշելով, որ եթե վթար եղած լինի, և եթե ջրանջատումը սահմանված ժամաքանակից ավելի եղած լինի, ապա քաղաքացիները գումարային համալրումներ կարող են ստանալ իրենց հաշիվներին:
«Պլանային նորոգումներ այս սեզոնին չեն արվում, իսկ վթարի դեպքում իրենք պարտավոր են հայտարարել, և վթարի վերացման նվազագույն ժամկետներ կան: Եթե նվազագույն ժամկետը խախտվում է, ավտոմատ կերպով այն բնակիչները, որոնց ջուրը չի վերականգնվել, հաջորդ ամիս իրենց հաշիվներին ստանում են տուգանքներ քաղաքացու օգտին: Այսինքն՝ ձեր հաշիվների մեջ դուք տեսնում եք, որ որպես կանխավճար ձեզ տուգանք է վճարվել»,- պարզաբանեց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ այդ դեպքում ընկերությունը կարող է տուգանքի ենթարկվել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
Նա նաև նշեց, որ համակարգն ինքնաշխատ է, ջրանջատման առավելագույն ժամաքանակը 24 ժամն է, իսկ ՀԷՑ-ի պարագայում Երևանում առավելագույնը 4 ժամն է, մարզերում՝ 6 ժամը: