2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճարը կհատկացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին՝ պահպանելով ներկայումս սահմանված՝ գիտական աստիճանի համար հավելավճարների չափը, այն է՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց՝ հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է, և որ գործընթացը դեռ չի ավարտվել, աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաև 2025 թվականի հունվարի 1-ից:
«Հիմա այս որոշմամբ ի՞նչ ենք ասում: Ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտության թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»,- ասաց Փաշինյանը, ապա պարզաբանեց. «Քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք:
Եվ, այո՛, սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ-չստանալու խնդիր կունենան: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան, մեր նպատակն այն է, որ մենք իրենց սրանով խրախուսենք, խնդրենք, քաջալերենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»: