Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել է 2022 թ. հունվարի իրադարձություններին և ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը, ընդգծել՝ Ղազախտանը դիմել էր ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին:
«Դիմելու պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցավ Ղազախստանին: ՀԱՊԿ զորակազմն իսկապես խաղաղապահ էր և զսպող գործոնի դեր խաղաց անկարգությունների այն ողբերգական օրերին։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն՝ նրա զորակազմը լքել է երկիրը առանց որևէ նախապայմանի, այն էլ՝ ժամանակից շուտ։ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։
Հայկական զորակազմը հսկում էր «Ակսայ» քաղաքային ջրատարը և հացի կոմբինատը, բելառուսականը՝ Ժետիգենի աերոդրոմը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսականը՝ ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները։
Եղել են կենսապահովման օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու սպառնալիքներ, այդ իսկ պատճառով զորակազմն ուղարկվել է հենց այնտեղ։ Բայց, ամենակարևորը՝ դա թույլ տվեց ազատել մեր ուժերը հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Տոկաևը: