Գազայի հատվածում բախումները չեն դադարում, ՑԱՀԱԼ-ը ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում: Շարունակվում են զորաշարժերը նաև Հորդանան գետի արևմտյան ափին: ՑԱՀԱԼ-ի տվյալով՝ նպատակն է բացահայտել ահաբեկչական գործունեություն իրականացնող անձանց, հոկտեմբերի 7-ից ի վեր արևմտյան ափին ձերբակալվել է 2570 անձ:
Լարված է իրավիճակը Իսրայել-Լիբանան սահմանին, իսրայելական կողմի հաղորդմամբ՝ Հեզբոլլահը հարվածել է Իսրայելի տարածքներին, ՑԱՀԱԼ-ն էլ պատասխան կրակ է բացել: Հեզբոլլահը հայտնում է շարժման ներկայացուցիչների շրջանում զոհերի մասին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Լիբանանի տարածքում տեղակայված Հեզբոլլահ շարժմանը և Իրանին, խոստացել պատասխանել իսրայելական տարածքների թիրախավորմանը:
Իսրայելական ուժերն ավելի վաղ հարվածել են Բեյրութում ՀԱՄԱՍ-ի օբյեկտի, ինչի հետևանքով սպանվել են շարժման ղեկավարության անդամ Սալեհ ալ-Արուրին և այլ ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի ֆոնին՝ ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Գազայի հատվածում պահվող գերիների ազատ արձակման շուրջ Իսրայելի հետ բանակցությունները սառեցնելու մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը հատել է 22 հազարը, ավելի քան 57 հազար մարդ վիրավորվել է:
Իսրայելական կողմը հայտնում է 1100-ից ավելի զոհի մասին, պաշտոնական տվյալով՝ զինվորականների շրջանում էլ զոհերի թիվը հասնում է 509-ի: