Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելել՝ այժմ խաղաղության ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան:
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն: Ամիրբեկովը տեղեկացրել է՝ այժմ կողմերը համաձայնագրի տեքստի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ են փոխանակում։
Պաշտոնյայի խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի սահմանազատումը խաղաղ գործընթացի անբաժանելի մասն են։ Սակայն, ըստ Ամիրբեկովի, սխալ կլինի կարծել, թե դա արագ գործընթաց է:
Նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: Հերթական անգամ հայտարարել, թե իբր Երևանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է միջանցք բացել: «Սա նշանակում է նաև Ասիայի և Եվրոպայի միջև կապի վերականգնում»,- հավելել է Ամիրբեկովը: Նա կրկնել է, որ Բաքուն այլընտրանք է գտել և Նախիջևանի հետ տրանսպորտային կապ կապահովի Իրանի տարածքով:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նաև կոչ է արել Արևմուտքին չխանգարել տարածաշրջանում ծավալվող խաղաղության գործընթացներին: «Եվրամիության առանձին երկրների դիրքորոշումը բացասաբար է ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հասնելու գործընթացի վրա»,- պնդել է Ամիրբեկովը։ Միաժամանակ նա բարձր է գնահատել տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դերը:
Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է ապաշրջափակել հաղորդակցությունները, սակայն «միջանցքի տրամաբանությամբ» որևէ հարց չի կարող քննարկվել, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պահանջը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտում է։
Մանրամասները՝ ռեպորտաժում՛։