Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Այդ մասին ասված է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ֆեյսբուքի էջում։
«1. Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները:
2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն և բացառապես պարտքի չափով:
3. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի մեկ օրում՝ նախկին տասը օրվա փոխարեն:
4.Ապահովվել է Հարկադիր կատարման ծառայության և բոլոր մյուս պետական մարմինների ու անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի 100% համակցումը:
5. Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը:
6. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով:
7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց գործառույթները իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:
8. Նոր համակարգի շնորհիվ` պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. այլևս ոչ մի տեղեկանք ստանալու և ներկայացնելու կարիք չկա:
Կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ»,- նշված է գրառման մեջ: