Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ամանորյա ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ երևանցիներ,
շուտով հրաժեշտ կտանք 2023 թվականին, որը, վերջին տարիների ոգուն համահունչ, ուներ մարտահրավերների ու փորձությունների իր բաժինը։ Միևնույն ժամանակ այս տարին աշխատանքի և ծրագրերի տարի էր։
Մեծ թափով ընթանում են Երևանի մանկապարտեզների վերակառուցման և վերանորոգման ծրագրերը։ 2023-ին հազարավոր մանուկներ արդեն հաճախել են լիովին նոր նախակրթական միջավայր։ Այս աշխատանքները շարունակվելու են նաև 2024 և 2025 թվականներին, մինչև մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները չունենան մեր երեխաներին իրենց հարկի տակ ընդունելու բարձր մակարդակի պայմաններ։
Թերևս երևանցիներին ամենաշատ հուզող հարցը մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների հարցն է։ Սա քաղաքի խոշորագույն ծրագրերից է, որի բազմաշերտ բաղադրիչները այս կամ այն կերպ առնչվում են մեր քաղաքի յուրաքանչյուր բնակչին։ Տրանսպորտային բարեփոխումը փոխկապակցվում է ճանապարհային ինֆրակառուցվածքին, մայրաքաղաքի ընդհանուր էկոլոգիական ֆոնին և առաջնային ազդեցություն ունի Երևանում կյանքի որակի և դրա էական բարելավման վրա։
Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում արդեն իսկ իրականացվել են մեծ ծավալի ճանապարհաշինական և վերանորոգման աշխատանքներ, որոնք այլևս իրականացվում են նախագծային հիմքով և նոր որակով։ Այս տարի նաև առաջին անգամ մայրաքաղաքի ավտոբուսային պարկը շեշտակի համալրում է ունեցել բարձրակարգ ավտոբուսներով և տրոլեյբուսներով, որոնց շահագործումը մեր քաղաքում ուղևորափոխադրման որակի բարձրացման սկիզբն է միայն։
Սպասվող նոր շարժակազմերի ներդրմանը զուգահեռ 2024 թվականին կավելանան հանրային տրանսպորտին հատկացվող երթևեկելի գծերը, կգործարկվի վճարովի ավտոկայանատեղիների նոր համակարգը, որը լայն քննարկումների առարկա դարձավ հատկապես մեր քաղաքի վարորդների շրջանում։ Այստեղ կնշեմ միայն, որ բացառապես համակարգային լուծումներն են ի զորու բերել մեզ էական բարեփոխումների։ Հանրային շահը միշտ առաջնահերթ է, հետևաբար մեր քաղաքի բնակիչներից ակնկալում եմ կամային մոտեցում և աջակցություն Երևանը ապահով և հարմարավետ քաղաք դարձնելու մեր ընդհանուր ճանապարհին։
2023 թվականին երևանցիների և նաև ողջ հայ ժողովրդի միտքն ու հայացքն ուղղված էր դեպի մեր արցախցի քույրերն ու եղբայրները, ովքեր դեռ նախորդ տարեվերջին ենթարկվեցին նախ երկարատև պաշարման, ապա բռնի տեղահանման ծանրագույն փորձությանը։ Մեր հայրենակիցների համար այս դժվար պահին կարևոր էր և կարևոր է ստանալ մեր բոլորիս անկեղծ սերը, սփոփանքը, բայց առաջին հերթին եղբայրական անմնացորդ աջակցությունը։
Երևանը, որպես Հայաստանի Հանրապետության ամենախոշոր համայնք, ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, պետական պատկան մարմինների հետ համատեղ իրականացրեց տասնյակ հազարավոր արցախցիների տեղափոխումը։
Արդյունքում ավելի քան 11,000 արցախցի ընտանիք (շուրջ 43,000 քաղաքացի) հանգրվանեց մայրաքաղաքում։
Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք կոչված են նպաստելու Երևանում արցախցիների կեցության, կրթության և զբաղվածության հարցերը լուծելուն։ Մի շարք արցախցի մասնագետներ արդեն իսկ համալրել են Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույցներում առկա թափուր հաստիքները, և այս գործընթացը շարունակական բնույթ է կրելու։
Իմ և երևանցիների անունից երախտապարտությունս եմ հայտնում մեր արցախցի հայրենակիցներին տասնամյակներ շարունակ ազգային պայքարի առաջամարտիկները լինելու համար։
Նաև շնորհակալ եմ և ողջունում եմ ձեզ Երևանը արցախյան հարուստ բարբառով հարստացնելու համար։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ դուք՝ սիրելի՛ արցախցիներ, մշտապես զգալու եք Երևան համայնքի ուշադրությունն ու հոգատարությունը:
2023 թվականը երևանցիների համար աչքի ընկավ նաև մայրաքաղաքում քաղաքական ընտրությունների անցկացմամբ։ Երկրում առկա մարտահրավերների համատեքստում ընթացող նախընտրական գործընթացների և սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվեց Երևանի պատմության ամենամրցակցային ավագանին։
Մրցակցությունը մշտապես գործում է ի շահ քաղաքացու, հետևաբար մեր պարտքն է քննադատական, համագործակցային, բայց և առաջին հերթին կամային աշխատանքով արդարացնել ոչ միայն այսօր ընտրելու իրավունք ունեցող երևանցիների, այլև այսօր մանկապարտեզ հաճախող և դպրոցահասակ ապագա հասուն քաղաքացիների սպասելիքները։
Թող գալիք տարին ջերմությամբ և ուրախությամբ պարուրի ձեզ, ձեր երեխաներին, բոլոր հարազատներին և սիրելիներին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղության, նվաճումների և վերելքների տարի։
Շնորհավոր Ամանոր»: