ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ, փրկարարական ծառայողներ, հարգարժան վետերաններ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ։
Ամփոփելով անցնող 2023 թվականը՝ ուզում եմ նշել, որ չնայած բարեփոխման փուլ թևակոխած Փրկարար ծառայության առաջ ծառացած մի շարք դժվարություններին և նոր մարտահրավերներին, փրկարարների քրտնաջան աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ կարողացանք պատվով հաղթահարել առկա խնդիրներն ու խոչընդոտները, միջազգային հարթակներում լուրջ արդյունքներ գրանցել և քայլել առաջ՝ ի բարօրություն մեր ժողովրդի և մեր երկրի։
Ձեր ամենօրյա մեծածավալ ու նվիրված աշխատանքի շնորհիվ դուք մշտապես մեր բնակչության կողքին եք՝ հնարավորինս պաշտպանելով վերջիններիս արտակարգ իրավիճակներից, ամրապնդելով բնակչության և քաղաքացիական պաշտպանության դիրքերը։
Սիրելի՛ փրկարարներ,
առանձնակի երախտագիտությամբ ուզում եմ հատկապես նշել մեր ձեռքբերումները միջազգային ասպարեզում, որը հնարավորություն տվեց Հայաստանին իր հովանու ներքո հյուրընկալել 7 երկրների շուրջ 500 փրկարարների և անցկացնել միջազգային լայնածավալ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որն իրական քննություն էր և ևս մեկ անգամ ապացույց, որ Հայաստանը պատրաստ է ոչ միայն օգնության մեկնել այլ երկրներին, այլև բարձր մակարդակով կազմակերպել նմանօրինակ փրկարարական լուրջ միջոցառում՝ բազմազգ միջավայրում մեկտեղելով փրկարարական գործողությունները և համախմբելով ուժերը՝ հանուն մարդկանց կյանքի փրկության և անվտանգության։
Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ նոր տարում ևս բարձր պատասխանատվությամբ և նվիրվածությամբ շարունակելու եք իրականացնել ձեր ամենօրյա պարտականությունները և մարդասիրական առաքելությունը։
Կրկին շնորհավորում եմ՝ մաղթելով անփորձանք ծառայություն, անսպառ ուժ և բարօրություն։
Թող գալիք 2024 թվականը լինի նոր ձեռքբերումների և առաջընթացի տարի՝ առանց արտակարգ իրավիճակների։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»: