Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվը և վայրը որոշելն այդ պետությունների իրավասությունն է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РИА Новости-ի հետ հարցազրույցում:
«Միևնույն ժամանակ, մենք չենք կարող անտարբեր հետևել Հարավային Կովկասում զարգացումներին։ Ռուսաստանը պատմականորեն կովկասյան պետություններից մեկն է և տարածաշրջանի ու աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ է պահպանում և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ»,- նշել է փոխնախարարը:
Նա հավելել է՝ Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար այն ընդհանուր տուն է։ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրել և գործադրում՝ աջակցելու Բաքվին և Երևանին` հավասարակշռված պայմանագրի մշակման հարցում:
«Հաշտեցումը ենթադրում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում։ Համապատասխան «ճանապարհային քարտեզը» հայտնի է, այն է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները։ Ռուսական բանակցային հարթակը միշտ մեր դաշնակիցների և գործընկերների տրամադրության տակ է»,- հավելել է Գալուզինը։
Նա շեշտել է՝ կարևոր է ոչ միայն փոխընդունելի պայմանագիր ստորագրելը, այլև պայմաններ ստեղծելը դրա կյանքի կոչման համար։
«Այս առումով Բաքուն և Երևանը կարող են օգտվել «3+3» տարածաշրջանային հարթակից։ Դրա անկյունաքարային սկզբունքը մասնակիցներից յուրաքանչյուրի ինքնիշխանությունը և անկախությունը հարգելն է»,- ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Նա նաև հերթական անգամ մեղադրել է Վաշինգտոնին՝ տարածաշրջանը որպես Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հարթակ օգտագործելու համար: Նա պնդել է, թե ամերիկյան կողմն իր մտադրությունը նույնիսկ չի էլ թաքցնում:
«Դա արմատապես հակասում է տարածաշրջանի ժողովուրդների իրական շահերին», - կարծիք է հայտնել Գալուզինը։
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: