Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Խաչատրյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ: «Իհարկե, ակնհայտորեն ոլորտը շատ էական նշանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկն է՝ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը, և ակնհայտորեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրի տնտեսության դինամիկ զարգացող ճյուղերից մեկն է։
Կառավարությունը շահագրգռված է, որ այդ զարգացումները շարունակվեն, հեռահաղորդակցության ոլորտը շատ էական դերակատարում ունի թվայնացման գործընթացում, իհարկե, դա ավելի շատ միջգերատեսչական աշխատանք է, բայց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի էական դերակատարում նաև այս ոլորտում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունն է համակարգում նաև ռազմաարդյունաբերության, հեռուստատեսության, ռադիոյի բնագավառները և հավելել, որ այս ընթացքում մեծ և էական աշխատանք է կատարվել:
«Կարծում եմ, որ մեր խնդիրներից մեկն է` ոլորտում ապահովել նախարարության գործունեության շարունակականությունը, բայց նաև նոր լիցք և մոտեցումներ են հարկավոր, իհարկե, հիմնվելով եղած լավագույն ավանդույթների վրա։ Համոզված եմ, որ հենց այդ մոտեցմամբ մեր նախարարները նաև կհամագործակցեն։ Հույս ունեմ՝ պարոն Խաչատրյանը կուտակած փորձը, խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի պարոն Հայրապետյանին, և մենք կկարողանանք ծրագրերի բնականոն իրագործումը շարունակել, նոր ծրագրեր բերել և նոր հաջողություններ գրանցել»,- նշել է վարչապետը:
Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության և պաշտոնավարելու հնարավորության համար: «Վերջին երկու տարիները եղել են բուռն և կարելի է ասել ոլորտի համար հաջող, ինչի մասին վկայում են նաև այն ցուցանիշները, որոնք ունեցել ենք։ Բայց, իհարկե, նաև բազմաթիվ խնդիրներ են եղել, որոնք փորձել ենք այս ընթացքում լուծել։ ՏՏ ոլորտի համայնքի հետ վերջին հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, աշխատանքներն արդեն սկսվել են։ Հույս ունեմ, որ գործընկերները կշարունակեն և բոլոր խոստումները, որոնք համայնքին տվել ենք` ժամանակին և պատշաճ կերպով կկատարվեն։ Ես իմ կողմից պատրաստ եմ ցանկացած պահի հնարավորությունների չափով աջակցել»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը և Մխիթար Հայրապետյանին մաղթել հաջողություններ:
Իր հերթին, Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։ Նորանշանակ նախարարն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում որպես պատգամավոր և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն սերտորեն համագործակցել է ԲՏԱ նախարարության հետ: «Բարձր տեխնոլոգիաները պետք է լինեն տնտեսության կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայաստանը ցանկանում է տեխնոլոգիական աշխարհի քարտեզում իր ուրույն և առաջատար տեղն ունենալ: Հույս ունեմ, որ և գործադիրում, և օրենսդիրում ունեցած պաշտոնավարման փորձս կօգնի պատասխանատու պաշտոնում։ Մյուս կողմից նաև հույս ունեմ, որ նախարարության ողջ թիմը կհամախմբվի իմ շուրջ և մենք կկարողանանք աշխատանքի արդյունքում ստանալ անհրաժեշտ արդյունքը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:
Ամփոփելով, վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, թույլ տվեք օգտվելով առիթից շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ ծնունդը, և բոլորիս մաղթել հաջողություն՝ 2024 թվականին մեր Կառավարության առաջ դրված խնդիրները լուծելու, այն է` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու գործում։ Իհարկե, սա միակ խնդիրը չէ, բայց կարծում եմ՝ դա մի ցուցանիշ է, որը միջինացված ցույց է տալիս, թե մենք ինչքանով ենք լավ աշխատել»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել էր ԲՏԱ նախարարի պաշտոնից, իսկ Մխիթար Հայրապետյանը նշանակվել էր ԲՏԱ նախարար: