Հայաստանի երկու պետական անսամբլների համար 2023 թվականը հոբելյանական էր. Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշել է ստեղծման 65-, «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հոբելյանական տարվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալներ է հանձնել Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա Իրիցյանին, Արմինե Ասատրյանին, Նարեկ Պողիկյանին, իսկ «Ալթունյան» պետական անսամբլից՝ խմբավար Գասպար Ամիրխանյանին, երաժիշտներ Էռնեստ Մանուկյանին և Կարեն Գևորգյանին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ է ձեռք բերել։ Երկու կոլեկտիվների հոբելյանների առթիվ Երևանում և մարզերում կազմակերպվել են համերգներ։ Մասնավորապես, Ներկայացվել են արդեն ծանոթ և նոր բեմադրություներ: Հատուկ համերգների համար վերականգնվել էին պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել կոլեկտիվների պարացանկում։ Ցուցադրվել են նաև նոր ստեղծված ֆիլմեր՝ անսամբլների մասին։