ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տարեմուտին այցելել է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Ալլա Սարգսյանի արվեստանոց՝ ծանոթանալու նրա գործունեությանը:
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը:
Ալլա Սարգսյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից ստացել է ժողովրդական վարպետի կոչում՝ որպես ինքնուս տիկնիկագործ և ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ մասնակցել է միջազգային փառատոների, մասնավորապես Շարժայի «Ժառանգության օրեր» փառատոնին և վերջերս կայացած Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, որտեղ ներկայացվել է նաև հայկական տիկնիկագործական արհեստը:
Նշենք, որ տոնավաճառին Հայաստանը մասնակցում էր առաջին անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության համագործակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ:
Տոնավաճառի հայկական տաղավարում ավելի քան 60 հայ վարպետների 400 տարատեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացվել, այդ թվում՝ տիկնիկագործության:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալլա Սարգսյանին ոլորտում ակտիվ գործունեության, պետության հետ արդյունավետ համագործակցության, միջազգային փառատոներում Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ ներկայացնելու, հայկական արհեստագործական աշխատանքները հաջողությամբ հանրահռչակելու համար:
«Մեր ժողովրդական վարպետները մեծ ուշադրության են արժանի իրենց գործունեության, կատարած աշխատանքի նաև այն խրախուսելու և տարածելու տեսանկյունից: Այն, ինչ անում եք, պետք է շատ ավելի մեծ թվով մարդիկ իմանան, ճանաչեն, ոգեշնչվեն: Ձեր շնորհիվ ժողովրդական արվեստների թանգարանը հաջողությամբ իրականացնում է իր գործունեությունը՝ նաև միջազգային հարթակներում ներկայացնելով հայկական տիկնիկագործությունը։
Պետությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու ոլորտի զարգացման նվիրյալներին։ Պատիվ և հպարտություն է ունենալ Ժողովրդական վարպետի կոչում: Շարունակե՛ք Ձեր աշխատանքը նույն ոգևորությամբ ու ներշնչմամբ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա հետաքրքրվել է Ստրասբուրգում կայացած տոնավաճառի ընթացքից հենց վարպետից՝ Ալլա Սարգսյանից: Վերջինիս գնահատմամբ՝ այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական տաղավարի հանդեպ և տպավորիչ արձագանքներով հեռացել։
Ալլա Սարգսյանը ներկայացրել է իր գործունեությունը, տիկնիկների ստեղծման պատմությունը։ 14 տարվա ընթացքում նա ստեղծել է ավելի քան 400 մեծ տիկնիկ։
Ըստ վարպետի՝ դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, ստեղծելիս հաշվի է առնվում ամեն մի դետալ. «Իմ ստեղծած կերպարները շատ տարբեր են՝ սկսած թումանյանական հերոսներից մինչև մարդկանց իրական կերպարներ։ Դրանք մասնակցում են տարբեր ցուցահանդեսների ու մրցույթների և շատ են սիրվել հանրության կողմից»։
Նա հավելել է, որ աշխատում է տարբեր տեխնիկաներով, այս տարի՝ նաև բամբակով։ Վարպետի մեծագույն ցանկությունն է ունենալ համապատասխան միջավայր մեծահասակների համար դասեր անցկացնելու, զբոսաշրջիկներին արհեստը ներկայացնելու նպատակով: