«Ուկրաինան այժմ ֆինանսավորման կարիք ունի՝ շարունակելու պայքարը 2024 թվականին նման սարսափներից ազատվելու համար, ինչպիսիք են Ռուսաստանի վերջին զանգվածային հրթիռային հարձակումները»,- ասել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերն Ուկրաինայի քաղաքներին հասցված Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածի հետևանքները:
Իր հերթին Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարտին Հարիսը ռազմական հանցագործություն է անվանել ռուսական հարձակումներն Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը X-ի սոցիալական ցանցում գրել է. «Ուկրաինական քաղաքների վրա այս լայնածավալ հարձակումները ցույց են տալիս, որ Պուտինը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի՝ հասնելու ազատության և ժողովրդավարության ոչնչացման իր նպատակին: Մենք թույլ չենք տա, որ նա հաղթի։ Մենք պետք է մնանք Ուկրաինայի կողքին՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի»։
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կոչ է արել դաշնակիցներին Ուկրաինային հիմա տրամադրել «բոլոր անհրաժեշտ ռազմական և ֆինանսական օգնությունը»: «Սա միակ ճանապարհն է դադարեցնելու պատերազմը և հարձակումները քաղաքացիական օբյեկտների վրա: Անհրաժեշտ է լիակատար համերաշխություն Ուկրաինային՝ այս դժվարին պահին»,- ասել է նախագահը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան էլ ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարձակումներին հավաքական պատասխանը «կարող է և պետք է շարունակվի, պետք է լինի կայուն և երկարաժամկետ ռազմական ու ֆինանսական օգնություն»։