Ֆրանսիան չի կարողանում մարսել Ադրբեջանի հաղթանակը՝ ֆրանսիական Le Monde-ի հետ հարցազրույցում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նրա խոսքով՝ Բաքու-Փարիզ հարաբերությունների վատթարացման պատճառը Հարավային Կովկասում վերջին զարգացումների ֆոնին Ֆրանսիայի, իր ձևակերպմամբ՝ անարդար, կողմնակալ և հայամետ դիրքորոշումն է։
«Ֆրանսիան Հայաստանին դիվանագիտական, տնտեսական, վերջին շրջանում՝ նաև ռազմական աջակցություն է տրամադրում՝ այդպիսով խաթարելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու հեռանկարը»,- ասել է Ամիրբեկովը։
Նա մեղադրել է Փարիզին՝ միջազգային հարթակներում հակաադրբեջանական նախաձեռնություններով հանդես գալու համար: «Նման գործողությունների պատճառով Ֆրանսիան վերջնականապես կորցրեց խաղաղության հաստատման գործում միջնորդի դերը, ինչպես նաև խարխլեց Եվրամիության հանդեպ Բաքվի վստահությունը»,- պարզաբանել է պաշտոնյան:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքվի և Փարիզի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են:
Միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում: