Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը մերժել է BRICS-ի անդամ դառնալու հրավերը, հաղորդում է Infobae պորտալը։
«Խավիեր Միլեյը մի քանի օր առաջ պաշտոնական նամակներ է ուղարկել Սի Ծինփինին և Վլադիմիր Պուտինին, որտեղ նա հայտարարել է Արգենտինայի՝ BRICS-ի բազմակողմ ֆորումից դուրս գալու մասին»,- ասվում է հրատարակության մեջ։
Որոշման մասին պետության ղեկավարը տեղեկացրել է նաև Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվային, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հարավային Աֆրիկայի առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսային։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատմամբ, Արգենտինան դադար է վերցնում BRICS-ին միանալու հարցում։
Միլեյը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության մեջ մտադիր է կենտրոնանալ Վաշինգտոնի հետ կապերի, այլ ոչ թե BRICS-ի երկրների վրա։ Նրա խոսքով՝ Բուենոս Այրեսը պետք է հրաժարվի պեսոյից և միանա այն երկրներին, որոնք օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես իրենց պաշտոնական արժույթ: Միլեյը մտադիր է նաև լուծարել Կենտրոնական բանկը և մի քանի նախարարություն, կրճատել պետական ապարատը։
BRICS-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան: Օգոստոսին Յոհաննեսբուրգում կայացած վերջին գագաթնաժողովում 2024 թվականի հունվարի 1-ից BRICS-ին միանալու պաշտոնապես հրավեր են ստացել ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան: