Որոշումն ավելի շատ գումար հավաքագրելու համար չէ: Որոշման նպատակն է, որ մեծ թվով ավտոմեքենաներ չգան Երևանի Կենտրոն: Ցավոք, դա է սահմանափակումներից մեկը, որով Երևան քաղաքը հնարավոր կլինի բեռնաթափել ավտոմեքենաներից: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով կարմիր գծերում կայանելու համար նախատեսված վճարի թանկացմանը:
Ավինյանը հիշեցրեց, որ, օրինակ, Վրաստանում թանկացման որոշումը դեռևս 10 տարի առաջ է կայացվել:
«Եթե 5 տարի առաջ այս աշխատանքները սկսած լինեինք, միգուցե այս միջոցառումների կարիքը չլիներ, և որոշակիորեն մեղմ ճանապարհով անցած կլինեինք:
Ես, օրինակ, պոպուլիզմի կողմնակից չեմ, և չեմ կարող ասել՝ վա՛յ, գիտե՞ք, ո՛չ մի կարմիր գիծ, ո՛չ մի բան պետք չէ թանկացնել, և հետո տեսնել, թե Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակն ինչպես է ավելանում: Սա համալիր միջոցառումների ցանկ է, որոնցից մի միջոցառումը հենց այդ՝ միգուցե ոչ այնքան լավ որոշումն է»,- ասաց Ավինյանը՝ հիշեցնելով, որ խոսքը նաև Երևան քաղաքի Փոքր Կենտրոնը բեռնաթափելու մասին է. «Այսինքն՝ մենք պատկերացնում ենք, որ անվերջանալի քանակի ավտոմեքենաները գրեթե անվճար պետք է գան ու Երևան քաղաքի Փոքր Կենտրոնում կայանե՞ն, այդ խցանումներն անվերջանալի տեղի ունենա՞ն: Ո՛չ, պետք է բեռնաթափել՝ Փոքր Կենտրոնից սկսած, հետո՝ բոլոր մնացած վարչական շրջանները:
Ավինյանը նկատեց՝ անհնար է, որ Երևանում այսքան ավտոմեքենա լինի ճանապարհներին, և ճանապարհները բնականոն սպասարկվեն, այսինքն՝ հնարավոր լինի Ա կետից Բ կետ տեղափոխվել նորմալ ժամանակահատվածում: Նա նաև հիշեցրեց, որ նման փորձառություն ունեն շատ քաղաքներ, ապա մեջբերեց Մոսկվայի օրինակը, թե ինչ էր կատարվում ՌԴ մայրաքաղաքում 15 տարի առաջ, և ի՞նչ միջոցներ կիրառվեցին խնդիրները լուծելու համար:
«Երևանի քաղաքապետարանը, ճիշտ է, նոր է այս գործիքակազմից օգտվում (վճարի թանկացման գործիքակազմից - խմբ.), բայց ես կարծում եմ, որ նույնիսկ ուշացած է այս որոշումներն իրականացնում: Եվ ես հուսով եմ, որ համալիր միջոցառումների շրջանակում, այնուամենայնիվ, մենք Կենտրոնը բեռնաթափելու ենք»,- ասաց նա:
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի վերջին 30 նոր ավտոբուսներ են միանգամից մտնելու գիծ, ուստի քաղաքը պետք է բեռնաթափել նաև վերջիններս բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:
Երևանի քաղաքապետը նաև նկատեց, որ դեռ կարիք կա խելացի լուսացույցների տեղադրման, ինչպես նաև արհեստական բանականությամբ խաչմերուկների կառավարման: