2023-ին շուրջ 40 կմ երկարությամբ գազատար նոր ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար: Այս տարի խնդիրը հիմնովին լուծել ենք: Այդ մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նկատելով, որ ծրագիրն աննախադեպ է, և որ այն իրականացվել է «Գազպրոմի», «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» հետ համագործակցությամբ:
Գազատար ցանցից բացի՝ կառուցվել է նաև կոյուղատար ցանց. «Շուրջ 12 կմ նոր կոյուղատար ցանց է կառուցվել: Ընդ որում՝ լուծվել է Մուշական թաղամասի կոյուղատար ցանցի՝ տասնամյակներով չլուծված հարցը: Սա նույնպես ռեկորդ է: Նման ծավալի աշխատանքներ Երևանի քաղաքապետարանը երբևէ չէր իրականացրել կոյուղատար համակարգերի արդիականացման մասով»:
Տիգրան Ավինյանը նաև հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ թույլատրվել է Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային 10 և 10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Խոսքը շուրջ 63 ընտանիքի մասին է, նրանց վերաբնակեցման գործընթացը մեկնարկել է, իսկ Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների հարցն ընթացքի մեջ է: