Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ Բաքուն այժմ սպասում է Հայաստանի պատասխանին՝ փաստաթղթի նախագծի շուրջ ադրբեջանական առաջարկների վերաբերյալ։ Ամիրբեկովը կարծիք է հայտնել, թե սահմանի հստակեցման հարցը կարող է ավելի ուշ լուծվել՝ հաշվի առնելով խնդրի բարդ և ժամանակատար բնույթը։
«Մենք նաև ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագրում թյուրըմբռնումների կամ տարաձայնությունների վերացման հարցով երկկողմ հանձնաժողովի մասին դրույթ լինի»,- հավելել է նա։
Ամիրբեկովը նշել է նաև, որ Նախիջևանի հետ կապը վճռորոշ նշանակություն ունի Բաքվի համար՝ ազգային անվտանգության, ինչպես նաև Միջին միջանցքի շրջանակում այլընտրանքային երթուղու ապահովման առումով։
«Սակայն մենք չենք կարող պարտադրել Հայաստանին դա անել: Անիմաստ է ենթադրել, թե մենք ներխուժելու ենք ու փորձելու ենք ուժով վերցնել այդ միջանցքը: Այս իսկ պատճառով դիմեցինք Իրանին՝ որպես պլան Բ»,- հավելել է Ամիրբեկովը: