«Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել:
«Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն` ոչ թե բերման են ենթարկվել, այլ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։
Հին քաղաքի ոստիկանությունը կարող էր դեպքի վայր հասնել առավելագույնը 2֊3 րոպեի ընթացքում, բայց ահազանգից հետո հայտնվել է միայն 20 րոպե անց։ 30 ահաբեկչից ձերբակալել են միայն 5 հոգու։ Սրանց հետևում կանգնած է Ջորջ Վառվառ անունով մի արաբ, ով Դանի Ռոյթմանի գործընկերն է։
Ոստիկանությունը փողոցում դիմակավոր մարդկանց առանց դատ ու դատաստանի տեղում գնդակահարում է, ու միայն հայերի վրա այս հարձակման ժամանակ է, որ այս պրովոկատոր ահաբեկիչները նույնիսկ չեն ձերբակալվում ու իրենց կողքը կանգնած ոստիկանին անտեսելով` քարեր են նետում հայերի ուղղությամբ, ու սա` այն դեպքում, որ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների կազմում պաշտպանում են Իսրայելի անդորրն, իսկ դեկտեմբերի 22֊ին հայկական արմատներ ունեցող ավագ սերժանտ Նիր֊Ռաֆայել Կանանյանն իր կյանքը զոհաբերեց։
Սա արդեն 2 նմանատիպ հարձակումն է մեր համայնքի վրա։ Դիմակավոր ու սևազգեստ այս ահաբեկիչների մեջ կային ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ, ու ներքին անվտանգության նախարար Բեն Գվիռն ու ներքին գործերի նախարար Մոշե Արբելն անկասկած շահագրգիռ կողմ են որպեսզի հայերին հայրենազրկեն, ինչպես արեցին Արցախում իրենց բարեկամ ազիկների հետ միասին, ովքեր այսօր իրենց թուրք եղբայրների հետ մեկտեղ պաղեստինցիների «իրավունքներն» են պաշտպանում։
Իմիջիայլոց. շուտով կհրապարակեմ մի վերլուծություն Իսրայելի քրիստոնյա բնակչության թվաքանակի մասին։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,- գրել է նա։