Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2023 թվականն ամփոփող հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, անդրադարձել հայ-ռուսական հարաբերություններին: Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ոլորտային երկխոսությունը։
«Դա մեր հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության կայունության և Հայաստանի բնակչության բարեկեցության կարևորագույն հիմքն է։ Վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ գործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։ Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- մանրամասնել է դիվանագետը։
Լավրովի խոսքով՝ Հայաստանն այժմ մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած: Նա կարծիք է հայտնել, թե դրանք հնարավոր չի լինի հաղթահարել արևմտյան դերակատարների օգնությամբ։ ՌԴ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ցանկանում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։
«Նրանց խնդիրը հետևյալն է՝ դուրս մղել տարածաշրջանից Մոսկվային և տարածաշրջանային մյուս դերակատարներին, լարվածության նոր օջախ ստեղծել: Բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ կյանքի կոչել Երևանի, Բաքվի և Մոսկվայի՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։