Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ դրական է գնահատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և հարաբերությունների կարգավորման ընթացքը:
«2023 թվականի վերջին Հայաստանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերվեցին որոշակի դրական արդյունքներ։ Դրանք ձեռք են բերվել Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումների շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, մենք դրական ենք նայում 2024 թվականին։ Ադրբեջանն այդ ուղղությամբ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հաշվի առնելով մեր լեգիտիմ շահերը և միջազգային իրավունքը»,- ասել է Բայրամովը:
Նա հիշեցրել է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ 2023 թվականին չորս հանդիպում է ունեցել, ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում տեղի է ունեցել հոկտեմբերին Թեհրանում։
Բայրամովը տեղեկացրել է, որ ապագայում Բաքուն և Երևանը, այդ թվում՝ արտգործնախարարների մակարդակով, կարող են բանակցություններ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև երրորդ երկրի տարածքում։ Նա չի բացառել, որ ինչ-որ մի օր նման հանդիպումներ կարող են կազմակերպվել նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: