ՌԴ արտգործնախարարը 2023 թվականն ամփոփող հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որի շրջանակում անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին: Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը, լսելով Արևմուտքին, փորձում է փոխել արտաքին քաղաքական գիծը։
«Մոսկվայի հետ ժամանակի փորձությունն անցած դաշինքը Երևանը փոխարինում է Արևմուտքի ոչ թե կոնկրետ օգնությամբ, այլ լոկ լղոզված խոստումներով։ Ռազմավարական շրջադարձն արդարացնելու համար նրանք փորձում են Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր դժբախտությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար։ Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք ռուսական կողմի մտահոգությունների մասին, այժմ իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը»,- ասել է նա։
Ռուս դիվանագետը հավելել է՝ այնուհանդերձ, Հայաստանը եղել և մնում է Հարավային Կովկասում Մոսկվայի ռազմավարական գործընկերը։
«Համոզված ենք՝ բոլոր դժվարությունները ժամանակավոր են և քաղաքական կամքի առկայության դեպքում կհաղթահարվեն: Հայ-ռուսական կապերի կայուն և համակարգված զարգացումը բխում է մեր պետությունների ու ժողովուրդների հիմնարար շահերից»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի միջև տպավորիչ տեմպերով զարգանում են առևտրատնտեսական կապերը և ոլորտային երկխոսությունը։
«Դա մեր հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության կայունության և բնակչության բարեկեցության կարևորագույն հիմքն է։ Վերջին տարիներին հանրապետության ՀՆԱ-ի արագ աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ գործակցությամբ և Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցությամբ։ Հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: Հաջողություն ենք մաղթում մեր գործընկերներին»,- ասել է նա։
Լավրովի խոսքով՝ Հայաստանն այժմ մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած: Նա կարծիք է հայտնել, թե դրանք հնարավոր չի լինի հաղթահարել արևմտյան դերակատարների օգնությամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ի տարբերություն Ռուսաստանի, չեն ցանկանում խաղաղություն և կայունություն հաստատել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում։
«Նրանց խնդիրն է տարածաշրջանից դուրս մղել Մոսկվային և տարածաշրջանային մյուս դերակատարներին, լարվածության նոր օջախ ստեղծել: Բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ կյանքի կոչել Երևանի, Բաքվի և Մոսկվայի՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունները»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նախարարը նաև հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները Մոսկվան վնասակար է համարում. «Ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ առաջնորդվելով ազգային շահերով և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման նպատակով։ Մեր զինուժը տարածաշրջանում խաղաղության ապահովման առանցքային բաղադրիչն է»,- նշել է Լավրովը։
Նա մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում Երևանը զարգացնում է գործակցությունը ՆԱՏՕ-ի և Դաշինքի առանձին անդամ երկրների հետ։
«Այս տարի Հայաստանը Դաշինքի հետ մասնակցել է տասնյակ միջոցառումների։ Շարունակում է արդիականացնել զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Դա չի կարող անհանգստություն չառաջացնել։ Մենք բազմիցս ասել ենք մեր հայ գործընկերներին, որ ՆԱՏՕ-ի իրական նպատակը տարածաշրջանում ամրապնդվելն է»,- ասել է Սերգեյ Լավրովը:
Նա հույս է հայտնել, որ Երևանը գիտակցում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործակցության խորացումը կհանգեցնի ազգային պաշտպանության և անվտանգության ոլորտում ինքնիշխանության կորստի։
Մանրամասները՝ ռեպորտաժում: