ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Գ․-ն, 2004 թ․ ապրիլի 29-ից հանդիսացել է ավտոմեքենաների յուղերի ու այլ պարագաների ներմուծմամբ և առևտրով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը։ Վերջինս, հարկային օրենսդրության համաձայն, պատասխանատու է եղել ընկերության հաշվապահական հաշվառումը սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնելը կազմակերպելու, հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր ու տեղեկություններ, հարկերը ճիշտ և ինքնուրույն հաշվարկելու, ժամանակին վճարելու ու հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար։
ՍՊԸ ընկերության տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահ Կ․Բ․-ի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ հարկային օրենսգրքի պահանջները, 2017 թ․ հունվարից 2019 թ․ ապրիլը ներառյալ, թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը։ Վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ, իսկ հարկային հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 705․000․000 ՀՀ դրամ հարկ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել են քրեական հետապնդումներ, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ներքո Ա․Գ․-ն և Կ․Բ․-ն իրենց մեղավոր են ճանաչել և հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ և հայտարարագրել նախկինում թաքցված շուրջ 705․000․000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունը, որից պետական բյուջե են վճարել շուրջ 621․000․000 ՀՀ դրամը, իսկ մնացած հարկային պարտավորությունները պարտավորվել են վճարել սեղմ ժամկետում։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: