Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև ձևավորված հարաբերություններն ու ընդգծել, որ դրանք զարգացման հեռանկարներ ունեն: Որպես հաջողված գործակցության օրինակ՝ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել նախագծման թույլտվության և ճարտարապետահատակագծային առաջադրանք կազմելու գործընթացում, որում հաշվի է առնվել նաև քույր քաղաք Դոնի Ռոստովի փորձը:
Դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և ՌԴ տարբեր քաղաքների միջև հաստատված են գործընկերային հարաբերություններ, ինչն էլ հնարավորություն կտա ընդլայնել գործակցության շրջանակն ու համատեղ նոր ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության որոշակի բնագավառներում:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ-ռուսական առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն:
Անդրադառնալով գործարար շրջանակներին՝ քաղաքապետ Ավինյանը կարևորել է ռուսաստանյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Երևանի քաղաքապետարանի հայտարարած նախագծերի մրցույթներին»,- ասված է հաղորդագրության մեջ: