ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում 2023 թվականին իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ԵԽ կողմից ներգրավված փորձագետների մասնակցությամբ մշակվել և ՆԳ նախարարի կողմից հաստատվել է Ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը, ինչին հաջորդել է «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ նախապատրաստելը։
Նախագծերի փաթեթը առաձին հանդիպումներով քննարկվել է օրենսդիր մարմնի, պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիան հանդիսանալու է զուտ ոստիկանական ստորաբաժանում, ինչը նշանակում է, որ դրա հենասյուներից մեկը՝ Ոստիկանության զորքերը, դուրս է բերվելու «Այլ զորքերի» կազմից, և որի վրա այլևս չեն տարածվելու Զինված ուժերի կանոնագրքերը և այլ ռազմաիրավական ակտերը: Այդուհանդերձ, նոր ծառայությունը շարունակելու է մնալ ՀՀ համապարփակ անվտանգության ներքին կարևոր բաղադրիչ։
Նոր ձևավորվող ծառայության գործունեության ուղղություններն են լինելու հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական շենքերի, կարևորագույն օբյեկտների անվտանգության ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը, ռազմական և արտակարգ դրությունների իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Ոստիկանության գվարդիայի հիմքում լինելու են Ոստիկանության զորքերը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, Պետական պահպանության գլխավոր վարչությունը, Հատուկ նշանակության ստորաբաժանումները և Քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումը: Նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի տարածքային ստորաբաժանումներ ձևավորել ՀՀ առնվազն երեք մարզերում:
Նախագիծը ներառում է նաև վերլուծություններ՝ Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային և ինստիտուցիոնալ լուծումների միջազգային փորձի, ինչպես նաև միջազգային չափանիշների և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո հավաքների ազատության իրավունքի պատշաճ երաշխավորման վերաբերյալ:
«Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքով որոշակիացվելու են նաև Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից հարկադրանքի և ուժային միջոցների՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն կիրառելու դեպքերը, հիմքերը և իրավաչափության պայմանները:
Միջազգային գործընկերների հետ համաձայնություն է ձեռք բերվել նաև Ոստիկանության գվարդիայի սպառազինության և հատուկ միջոցների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ցանկի մշակման ուղղությամբ։
Այս պահին նախագծերի փաթեթն արտաքին շրջանառության կարծիքների ամփոփման փուլում է, ինչի արդյունքում, ըստ ժամանակացույցի, ՆԳՆ ոստիկանության կազմում ձևավորվելու է Ոստիկանության գվարդիան։
Ոստիկանության գվարդիայի մեկնարկը կտրվի ծառայության կազմակերպման ոլորտային սկզբունքով, իսկ ծառայության կայացմանը զուգահեռ անցում կկատարվի ծառայության կազմակերպման ունիվերսալ մոդելի: