Տոներին ընդառաջ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն։
Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին ու իրականացված աշխատանքների շրջանակին։
Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել հաստատության սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը, զրուցել նրանց հետ՝ տոնական ակնկալիքների և սպասումների մասին, ապա հանձնել ամանորյա նվերները։
Կենտրոնի տարբեր խմբակներում ներգրավված երեխաները նախարարին ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները։
Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և երազանքների իրականացում։