Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից ամանորի առթիվ մատուցվել է ճաշ, որին հրավիրված են եղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և Հայաստանում բնակվող օտարազգիներ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից:
«Ուրախալի է, որ այսքան շատ օտարազգիներ ապրում են Հայաստանում, մայրաքաղաք Երևանում: Այսօր պետք է լավ և ուրախ ժամանակ անցկացնել, ծանոթանալ ու անմիջական շփվել միմյանց հետ»,- իր խոսքում ընդգծել է վարչապետի տիկինը:
«Մենք այսօր ինքներս մեզ և ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե ինչպես կարող են բարեկամաբար ուրախանալ ամենատարբեր երկրների և ազգությունների ժողովուրդները: Այսօրվա մեր միջոցառման մեջ ուզում եմ դնենք սիմվոլիզմ` մեր այս անհանգիստ ու խառը աշխարհում մենք ունենք սիրո կարիք, ջերմության կարիք, իրար բարի խոսքեր ասելու, իրարից բարի խոսքեր լսելու և, իհարկե, խաղաղություն զգալու, խաղաղություն տարածելու կարիք: Մեզ մաղթում եմ հաջողությամբ կատարել այդ առաքելությունն այսօր»,- ասել է Աննա Հակոբյանը:
Միջոցառման ընթացքում հնչել են բազմաթիվ կենացներ ու բարեմաղթանքներ, հյուրերը ասել են իրենց շնորհակալական խոսքերը, ներկայացրել իրենց կյանքի պատմությունները, գործունեությունը, որն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում:
Վարչապետի տիկնոջ նախաձեռնած միջոցառումը` խաղաղության ու համերաշխության ճաշը, ապացուցում է, որ բոլորն այս աշխարհում կարող են ապրել միասին, համերաշխ, սիրո մթնոլորտում:
Հյուրերն իրենց ելույթների ընթացքում շնորհակալություն են հայտնել հայ ժողովրդին ու կառավարությանը` Հայաստանում ջերմ ընդունելություն ստանալու համար: Վստահեցրել են` Հայաստանը իրենց շատ բան է տվել և բոլորը` թե´ ազգային փոքրմասնությունները, թե´ Հայաստանում բնակություն հաստատած օտարերկրացիները պետք է իրենց ներդրումն ունենան Հայաստանի զարգացման, հզորացման, բարգավաճման գործում:
Միջոցառմանը հրավիրված է ավելի քան 50 հյուր` ՀՀ-ում ազգային փոքրամասնություն համարվող բոլոր 11 ազգերի ու ՀՀ-ում բնակվող 16 երկրի ներկայացուցիչներ (ճապոնացի, չինացի, ուդի, հնդիկ, պարսիկ, հորդանանցի, ֆիլիպինցի, գանացի, նիգերիացի, սիրիացի, մոնղոլ, իրաքցի, իտալացի, ֆրանսիացի, ամերիկացի):
Միջոցառման ավարտին սրահում դրված կտավի վրա նախ փակցվել է ավելի վաղ արված ընտանեկան լուսանկարը, ապա հյուրերը, յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով բարեմաղթանքներ են գրել, շնորհավորել գալիք 2024-ը: