ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանը զգալի շահաբաժիններ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից։ Տարեցտարի Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր են նկատվում։ Չնայած որոշ ոչ միանշանակ հայտարարություններին՝ մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր պետությունների հետ վարում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը կենտրոնացած է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում առաջադրանքների համակարգված իրականացման վրա։
«Մենք աջակցում ենք մեր գործընկերների տրամադրվածությանը՝ եվրասիական տնտեսական ինտեգրման ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հետագա արդյունավետ աշխատանքի նկատմամբ»,- ասել է դիվանագետը։