Կայացել է նաև Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասին, երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակներին առնչվող հարցեր: Մատնանշելով Հարավային Կովկասի զարգացումները՝ Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և հայտնել Իրանի աջակցությունը տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման գործում:
ՌԴ արտգործնախարարը շնորհավորել է Աբդոլլահիանին Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի պայմանագրի կնքման կապակցությամբ և այն կարևոր քայլ անվանել Իրան-ՌԴ, Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում: Լավրովը նաև ընդգծել է ՌԴ վճռականությունը Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման հարցում:
Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ զրույցի ընթացքում ՌԴ արտգործնախարարը հաստատել է Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը։ Նա ընդգծել է. «Ռուսաստանն անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը, և դա Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումն է»։
Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ռուս-արաբական համագործակցության ֆորումի VI նիստի մասնակիցների ամփոփիչ հայտարարության կապակցությամբ։ Ռուս դիվանագետին բողոքի նոտա են հանձնել, քանի որ ֆորումի հայտարարության մեջ նշվում էր Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների սեփականության մասին, որոնք տարածքային վեճի առարկա են Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև։ Ֆորումի հերթական նիստին Ռուսաստանի և արաբական երկրների արտգործնախարարները, մասնավորապես, ընդգծել են իրենց «աջակցությունը խաղաղության ուղղված բոլոր ջանքերին, այդ թվում ՝ Մեծ Թոմբ, Փոքր Թոմբ և Աբու Մուսա կղզիների հարցի խաղաղ լուծմանը հասնելու նախաձեռնություններին՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»։