Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչով չի տարբերվում Ադոլֆ Հիտլերից և Իսրայելի հարձակումները Գազայի վրա համեմատել է հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների վերաբերմունքի հետ, գրում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն աջակցում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետության ստեղծմամբ, քննադատել է Իսրայելի օդային և ցամաքային հարձակումը Գազայի վրա: Թուրքիայի ղեկավարն Իսրայելն անվանել «ահաբեկչական պետություն», որի առաջնորդները պետք է դատվեն միջազգային դատարաններում:
Սրելով իր հռետորաբանությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կողջունի այն գիտնականներին, որոնք ենթարկվում են հետապնդման Գազայի հակամարտության վերաբերյալ իրենց տեսակետների համար:
«Հիտլերի մասին վատ էին խոսում: Արդյոք Նեթանյահուի արածն ավելի քի՞չ է, քան Հիտլերինը: Իհարկե ոչ, նա սպանեց Գազայի 20 հազար բնակչի»,- հայտարարել է Էրդողանը:
Նեթանյահուն պատասխանել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը վերջին մարդն է, որը կարող է դասեր տալ Իսրայելին:
«Էրդողանը, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, որը համաշխարհային ռեկորդակիր է իր իշխանության դեմ հանդես եկող լրագրողներին բանտարկելու հարցում, վերջին մարդն է, որ կարող է մեզ բարոյականություն քարոզել»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ:
Չնայած Իսրայելին ուղղված քննադատությանը՝ Թուրքիան պահպանում է առևտրային կապերն այդ երկրի հետ՝ արժանանալով ընդդիմադիր կուսակցությունների և Իրանի բացասական արձագանքին: Անկարան հայտարարում է, որ Իսրայելի հետ առևտուրը կտրուկ նվազել է հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հարձակում է սկսել իսրայելական բնակավայրերի վրա, և դա դրդել է Իսրայելին սկսել պատերազմ ՀԱՄԱՍ-ի դեմ:
Ի տարբերություն արևմտյան դաշնակիցների և արաբական որոշ երկրների՝ Թուրքիան ՀԱՄԱՍ-ին չի դիտարկում որպես ահաբեկչական կազմակերպություն: