Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օրերս տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին:
Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Կարմիր խաչից այցելել են 2020-ի պատերազմից և 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվածներին: Զառա Ամատունու խոսքով՝ բոլորին այցելել են, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, օգնել կապ հաստատել հարազատների հետ, պահվող անձանց են փոխանցել ընտանիքների ուղարկած ծանրոցներ:
Կարմիր խաչը պահվողների ընդհանուր թիվը չի հաղորդում, սակայն հայկական կողմի հաշվարկով, սեպտեմբերի 19-ից հետո Բաքուն գերեվարել է 16 հոգու, նրանցից 8-ը՝ ԼՂ-ի նախկին ու ներկա պաշտոնյաներ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին ազատ արձակվեց Բաքվի բանտերում պահվող 32 անձ, նրանցից 26-ը 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում ձերբակալված զինծառայողներն էին։ Մյուս 6-ը տարբեր ժամանակներում հայ-ադրբեջանական սահմանից և Լաչինի անցակետից առևանգված անձինք: