Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները վերահասատել են երկկողմ առևտրաշրջանատության ծավալները ավելացնելու պայմանավորվածությունը՝ այն նախ հասցնելով 1 միլիարդ դոլարի, ապա՝ տարեկան 3 միլիարդ դոլարի: Այդ մասին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Արարատ Միրզոյանը:
ԱԳ նախարարը տարվա կարևոր ձեռքբերում համարեց նաև «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը, ապա հույս հայտնեց, որ համատեղ քայլերի արդյունքում շոշափելի առաջընթաց կարձանագրվի, և ավարտին կհասնեն Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները:
«Մենք կարևորել ենք մեր այսօրվա քննարկումներում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը և Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը, և այս առումով, նաև իրանական ընկերությունների մասնակցության առումով Հայաստանի տնտեսական կյանքում, կարևորություն ենք հաղորդել Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավմանը»,- ասաց նախարարը:
Երկու նախարարները քննարկել են նաև ՀՀ-ի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն է և զարգացումը՝ երկաթուղիներ, խողովակաշարեր, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ:
«Մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքները:
Հարգարժա՛ն պարոն Աբդոլլահիան, ուրախությամբ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանային հաղորդակցային ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի և Իրանի որդեգրած քաղաքականությունները, մոտեցումները լիովին համահունչ են, և այս առումով մենք կարևորում ենք ԻԻՀ-ի հստակ դիրքորոշումը ՀՀ-ի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ դրսևորվել է ԻԻՀ-ի կողմից»,- ասաց նա: