Քաղաքականության մեջ, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին խոսելիս, պետք է առավելագույնս ուշադիր լինենք ձևակերպումների հանդեպ և չառաջնորդվենք պարզունակ գնահատումներով: Այդ մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում թվում էր, թե Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը գնում է դեպի եվրաինտեգրում, բայց ՀՀ վարչապետի՝ ՌԴ վերջին այցով պայմանավորված տպավորություն ստեղծվեց՝ գնում է դեպի Մոսկվա:
Անդրադառնալով հայկական կողմի դժգոհություններին, որոնք առնչվում են ռուսական կողմին, Միրզոյանը նշեց. «Երբեք չենք թաքցրել, որ եղել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք բարձրաձայնել ենք, որոնք վերաբերում են առաջին հերթին երկկողմ ռուսական, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի ունեցած ակնկալիքների և այդ ակնկալիքների արդարացմանը կամ չարդարացմանը: Այդ խնդիրները եղել են, այդ խնդիրները մենք տեսել ենք և՛ այն դեպքերում, երբ ՀՀ սահմաններն են խախտվել, ու ՀՀ ինքնիշխան տարածքներն են հայտնվել օկուպացիայի տակ, և՛ այն ԼՂ-ում խաղաղապահների գործունեության կամ անգործության դեպքերում, ու բազմաթիվ այլ, այդ թվում՝ որոշակի տնտեսական հարցերում:
Հիմա ունեցե՞լ ենք մենք այս խնդիրները, ունեցե՞լ ենք այս ակնկալիքները ՀԱՊԿ-ից: Այո՛, ունեցել ենք: Այդ ակնկալիքների չբավարարման հետևանքով բարձրաձայնե՞լ ենք դրա մասին: Այո՛, բարձրաձայնել ենք, խոսել ենք դեռ քանի տարի առաջ ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման մասին, և ինչ-որ պահի, այս կամ այն հանգամանքից ելնելով, մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում պահել ենք այն աստիճանի վրա, որն ադեկվատ ենք համարել ՀԱՊԿ-ում ընթացող գործընթացներին կամ ՀԱՊԿ-ի կողմից ծավալվող գործունեությանը»,- ասաց նա, ապա ևս մեկ անգամ հիշեցրեց՝ ՀՀ սահմանները խախտվել են, բայց «ՀԱՊԿ-ը այդքան էլ չի շտապել մեր սահմանները պաշտպանելու»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու որոշմանը, Միրզոյանը ընդգծեց, որ երբևէ չի եղել, որ ԵԱՏՄ-ի մասով լինի նույնպիսի ակնկալիքների չկատարում, ինչպիսին եղել է ՀԱՊԿ-ի պարագայում:
«Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն շարունակում է արդյունավետորեն գործել ՀՀ-ի պարագայում»,- ասաց նա: