Արարատ Միրզոյանի հետ ունեցած այսօրվա քննարկումներից մենք լիովին հասկացանք, որ Հայաստանը կայուն խաղաղության հասնելու համար շատ լուրջ է տրամադրված և լրջորեն քայլեր է ձեռնարկում: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Նախորդ օրն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես նկատեցի, որ նրանք ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելը:
Պարոն Լավրովի հետ նույնպես անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Ես այդպես էի մտածում և այդպես եմ մտածում, որ կայուն խաղաղության հասնելու համար նոր տարվա առաջին ամիսների ընթացքում հնարավոր է ձեռք բերել (պայմանավորվածություն – խմբ.)»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ դրական տրամադրվածությունները, որ կան տարածաշրջանում՝ առանց արտաքին միջամտությունների, կարող են իրատեսական դառնալ՝ հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության: