Թուրքիան պատրաստ է հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե կատարվեն իր ներկայացրած բոլոր պահանջները:
Ավելի վաղ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանաչ լույս կվառի Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման համար, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործարքը, որի շուրջ օրերս Անկարան ու Վաշինգտոնն ակտիվ քննարկումներ են անցկացրել, նաև Կանադան պետք է վերացնի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգոն: Անկարային զենքի մատակարարման արգելքների վերացումից բացի՝ Թուրքիան պահանջում է, որ Շվեդիան քրդական կազմակերպություններին ահաբեկչական ճանաչի և արտահանձնի ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
Առայժմ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման արձանագրությանը հավանություն է տվել Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը: Փաստաթուղթը դեռ պետք է հաստատի Ազգային մեծ ժողովը, որից հետո՝ երկրի նախագահը։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը դեռ չեն վավերացրել միայն Հունգարիան ու Թուրքիան։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Շվեդիան արդեն սկսել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում արտահանման լիցենզիաներ տրամադրել Թուրքիային: Մատակարարման էմբարգոն գործում էր 2019 թվականից։