Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները:
Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով: Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիների դեպքում: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենան իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն:
Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15 639 դիմում: «Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,- ասել է նախարարի տեղակալը:
Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով: