ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանն այսօր հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով: Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է հուշարձանների պահպանության և մշակութային ժառանգության ոլորտներում կատարված հիմնական աշխատանքները՝ սկսելով օրենսդրական բարեփոխումներից:
Շրջանառվում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը
Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին լրամշակվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը 1998 թվականից հետո բովանդակային մշակման ենթարկվել էր ընդամենը մեկ անգամ: Այս օրենքի շրջանակում ընդունվելու է 3 ենթաօրենսդրական ակտ. «Դրանցից մեկը վերաբերում է հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակներին: Հաստատվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները: Երրորդ կարևոր կետը պատմության և մշակութային հուշարձանների պահպանական պարտավորագրի հաստատված ձևն է»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ այս պահին ԱԺ-ում է «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը թանգարանների գործունեությունը համակարգող կարևոր օրենսդրական փաստաթուղթն է: Շրջանառվում են նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքները:
Անդրադառնալով հուշարձանների պահպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ հուշարձանների վերականգնման նպատակով պետական բյուջեից հատկացումները կազմել են 396.2 մլն ՀՀ դրամ:
Հուշարձանների վերականգնում
Իրականացվել են 8 հուշարձանի վերականգնման աշխատանքներ, որոնց մի մասն ավարտվել է, մյուս մասը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին մրցութային փուլում են գտնվում 9 հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթեր: Ըստ փոխնախարարի՝ նորահայտ հուշարձանների կարգավիճակ է ստացել պատմամշակութային արժեք ներկայացնող 36 օբյեկտ, հաստատվել է 82 պահպանական գոտու նախագիծ, տրվել է 55 հուշարձանի հնագիտական ուսումնասիրության թույլտվություն:
Ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը
Ալֆրեդ Քոչարյանն իրազեկել է՝ ստեղծվել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը, որը թեև դեռևս չի ընդգրկում ամբողջ պատմական տարածքը, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Մշակվել են նաև հուշարձանների տարածքներում տեղեկատվական կենտրոնների նախագծային փաստաթղթերը: Դրանք ներառելու են տոմսավաճառի, հուշանվերների սենյակներ, սանհանգույց և այլն։
Ավելացել են թանգարանների այցելությունները
Անդրադառնալով մշակութային ժառանգության ոլորտին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ 2023 թ. թանգարանները հյուրընկալել են 1 մլն 200 հազար այցելու: 2023 թ. թանգարաններին հատկացվող պետական միջոցները կազմել են շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 2,2 մլրդ՝ ԿԳՄՍՆ ենթակայության թանգարաններին:
«Ստեղծվել է «Թանգարանների զարգացման և կառավարման» հիմնադրամը, որի նպատակն է որոշակի գործառույթների շրջանակում հնարավորություն տալ թանգարաններին՝ բարելավել իրենց հանրահռչակումը, ավելացնել այցելուների հաճախելիությունը»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:
Ն․ Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը և Հրազդանի երկրագիտական թանգարանը միացել են Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես մասնաճյուղեր, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն է մարզային թանգարանների համար՝ կիրառելու Պատմության թանգարանի փորձն ու հնարավորությունները և ապահովելու արդյունավետ զարգացում:
Թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ
Որպես կարևոր ձեռքբերում՝ նշվել է՝ ներդրման առաջին փուլում է նախարարության ենթակայության թանգարանների միասնական էլեկտրոնային տոմսային տնտեսության համակարգը: «Ծրագիրն արդեն պատրաստ է. մյուս տարի կլինի տեխնիկական հագեցվածությունը: Ամռանը նախատեսում ենք այն ամբողջությամբ ավարտին հասցնել և հասանելի դարձնել այցելուների համար»,- ասել է Ա. Քոչարյանը:
Ոլորտի թափանցիկության ապահովման տեսանկյունից փոխնախարարը կարևորել է մշակութային արժեքների արտահանման գործընթացի կազմակերպման նպատակով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) ստեղծումը:
Վերականգնվել է թանգարանային ֆոնդի համալրման պետական ծրագիրը
Մշակութային հաստատությունների կապիտալ-գույքային հագեցվածության մասին խոսելիս Ալֆրեդ Քոչարյանն ասել է, որ վերականգնվել է 2009 թ.-ից դադարեցված ՀՀ թանգարանային ֆոնդի համալրման նպատակով բյուջետային միջոցների տրամադրումը: Այս նպատակով պետական հատկացումները կազմում են 44 մլն 320 հազար դրամ:
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը պետական աջակցությամբ համալրվել է ֆիզիկաքիմիական լաբորատոր սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս առավել հիմնավոր և պրոֆեսիոնալ փորձաքննություն իրականացնելու»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը: Վերանորոգվել են նաև Մինաս Ավետիսյանի և Գևորգ Գրիգորյանի (ՋՈՏՏՈՅԻ) թանգարանները, մեկնարկել են Հ․ Թումանյանի թանգարանի վերանորոգման շինարարական աշխատանքները:
14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, 14 արժեքով համալրվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը, իրականացվել են 11 ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության դրամաշնորհային ծրագրեր ՀՀ 50 համայնքներում և Ջավախքում:
«Գյումրիի դարբնության ավանդույթը» գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև միջազգային համագործակցությամբ ամրագրված ձեռքբերումներին: Նա, մասնավորապես, շեշտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության 8-րդ՝ «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտի գրանցման կարևորությունը: Նշվել է նաև, որ միջազգային համագործակցության համատեքստում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով 175000 ԱՄՆ դոլար կհատկացվի Երերույքի տաճարի վերականգնմանը:
Մասնակցություն Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին
«Հայաստանն առաջին անգամ տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան մայրաքաղաք տոնավաճառին: Այն լայն մասսայականություն վայելող միջոցառում է, որի շրջանակում հազարավոր մարդիկ հաղորդակցվում են հայկական մշակույթին»,- ասել է Ա. Քոչարյանը:
Մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և միջազգային գործընթացներում գործուն մասնակցության տեսանկյունից Ալֆրեդ Քոչարյանն առանձնակի շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանն ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի Կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրության կոմիտեի անդամ՝ չորս տարի ժամկետով: