Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը վստահեցրել է երկրի քաղաքացիներին, որ Բելգրադի կենտրոնում ընդդիմության ցույցը վտանգ չի ներկայացնում իշխանությունների համար։ Նրա խոսքով՝ ակցիային մասնակցում է մոտավորապես 2,5 հազար մարդ։
Գիշերը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Բողոքի պատճառը Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներն են։ Ցուցարարները պահանջել են չեղարկել խորհրդարանի ընտրության արդյունքները և նոր քվեարկություն անցկացնել։ Որոշ ցուցարարներ փորձել են մտնել կառավարության շենքերից մեկը։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել քաղաքապետարանի մոտ հավաքվածների դեմ:
Ընդդիմության ղեկավարներից 5-ը հացադուլ են հայտարարել: Նախագահ Վուչիչը կոչ է արել ընդդիմադիր գործիչներին դադարեցնել հացադուլը և շեշտել, որ Սերբիայում հեղափոխություն չի լինի։ Նա նաև շնորհակալություն է հայտնել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, որոնք Բելգրադին զգուշացրել են երկրում անկարգությունների նախապատրաստման մասին։ Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչն էլ հայտարարել է, որ «սպասվող անկարգությունների» մասին Բելգրադին զգուշացրել են ռուսական հետախուզական ծառայությունները։
Երկրի քաղաքացիներին ուղղված ուղերձում Վուչիչը խոսել է նաև Կոսովոյի կարգավիճակի մասին և ընդգծել, որ Սերբիայի իշխանությունները, չնայած Պրիշտինայի հետ բանակցություններին, մտադիր չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:
«Մենք չենք համաձայնի որևէ փաստաթղթի, որը կստիպի մեզ աջակցել Կոսովոյի անդամակցությանը ՄԱԿ-ին կամ ՄԱԿ-ի առանձին կառույցներին»,- հայտարարել է Սերբիայի նախագահը: