Հաջորդ տարի շարունակելու ենք համալրել հանրային տրանսպորտի շարժակազմը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք պլանավորում ենք ևս մոտ 200 ավտոբուս ավելացնել մեր գծերում: Մենք պլանավորում ենք ունենալ նոր առանձնացված ավտոբուսային գծեր Երևան քաղաքում, և բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա (կարմիր գծերին վերաբերող փոփոխությունները), բոլորը մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»,- ասաց Ավինյանը և ընդգծեց, որ Երևանում հանրային տրանսպորտին տրվել է այդ առաջնահերթությունը, ուստի հանրային տրանսպորտից օգտվող մարդու համար պետք է ապահովել դրա լավագույն պայմանները:
«Անձնական ավտոմեքենաների աճի հետ զուգահեռ սա միակ ճիշտ քաղաքականությունն է, որ քաղաքապետարանը կարող է վարել, և նաև շատերս էլ պետք է մտածենք արդեն՝ անձնական ավտոմեքենաներից անցնենք հանրային տրանսպորտից օգտվելու տրամաբանությանը»,- ասաց Ավինյանը: