Բոլոր ավտոբուսների վրա սարքերը տեղադրված են, մինչև տարեվերջ դրանք կտեղադրվեն նաև բոլոր տրոլեյբուսների վրա: Տրոլեյբուսի՝ այլ ուղեվարձ ունենալու պատճառով մինչև տարեվերջ կմշակվի և կգործարկվի նաև տոմսային առանձին համակարգ այդ տրանսպորտային միջոցից օգտվողների համար: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Վալիդատորները տեղադրված են նաև մետրոյի բոլոր կայարաններում երկուական անցարգելների վրա: Ինչո՞ւ բոլորը չենք կահավորում, որովհետև նույն պայմանագրի շրջանակներում արդեն հաստատվել է, և պատվերը դրվել է, նոր անցարգելներ ենք ունենալու բոլոր կայարաններում, և առաջիկայում՝ 3 ամսվա ընթացքում, դրանք տեղադրված կլինեն, բոլորը՝ հագեցած վալիդատորներով:
Անցարգելների մասով չնայած պայմանագրային որոշակի պահանջներ կային, բայց նաև լրացուցիչ քննարկվել է և հաստատվել է մետրոպոլիտենի տնօրինության կողմից, որ այն անցարգելները, որոնք պետք է դրվեն պատվերի, համապատասխանում են մեր պահանջներին և մեր քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար համապատասխանելու են»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորեց այս հանձնարարականի կատարումը, քանի որ հաջորդ տարվանից Երևանում գործելու է տոմսային համակարգի նոր տրամաբանություն:
«Շատ կարևոր է այն ընթացքը, որ մենք այս սարքերը և QR կոդերը փորձարկենք, մինչև ամբողջական տոմսային համակարգին անցնելը բոլոր խնդիրները բացահայտենք, որովհետև, գիտեք՝ հաջորդ տարվանից Երևան քաղաքում գործելու է ամբողջովին նոր տրամաբանություն տոմսային համակարգի, ունենալու ենք նոր տեսակի տոմսային պրոդուկտներ, կլինեն օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր, կգործեն տարատեսակ սակագներով, և շատ կարևոր է, որ մինչև այդ պրոդուկտին անցնելը մենք կարողանանք ամբողջապես փորձարկենք համակարգը, վստահ լինենք, որ բոլոր այն խնդիրները, որոնց մասին հիմա քաղաքացիներն ահազանգում են, բոլորը լուծված են, և արդեն անցումը կլինի շատ ավելի սահուն և հանգիստ»,- ասաց Ավինյանը: