Երևանի բնակիչների բողոքները և խնդիրներն առցանց ներկայացնելու նպատակով բջջային հավելված է գործարկվել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Հավելվածը գործարկվել է, այս պահին հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, ինչպես նաև տեսանկարահանում և տեսանյութ»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ արդեն իսկ նոր առաջադրանքներ են տրվել, թե որ ուղղությամբ ծրագիրը առաջիկայում պետք է զարգանա:
Հավելվածով ստացված այն դիմումները, որոնք համապարփակ ուսումնասիության կարիք ունեն, ոչ թե խնդիրը հրատապ տեղում լուծելու, կմուտքագրվեն Mulberry համակարգ՝ որպես դիմում, և վերջիններիս պատասխանները կստացվեն ընդհանուր դիմումներին պատասխանելու կարգով:
«Ընդհանուր տրամաբանության մեջ հավելվածը ևս մի խողովակ է թեժ գծին զուգահեռ, որով քաղաքացիները կարող են Երևանի քաղաքապետարանին հայտնել խնդրի մասին: Այսինքն՝ թեժ գծով կհայտնեն, թե հավելվածի միջոցով, նույն գործընթացն է անցնում, և նաև այս ծրագրային հավելվածով հայտնելու դեպքում քաղաքացին ի վերջո ստանում է հաղորդագրություն-պատասխան իր խնդրի լուծման վերաբերյալ»,- զեկուցեց Սուրեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հավելվածին, նախ պարզաբանեց, թե ինչ հարթակի մասին է խոսքը: Ըստ նրա՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակը, որը գործարկվել էր նախկինում, հիմա ունի նաև հավելվածի հնարավորություն, որի միջոցով քաղաքացիները կարող են հայտնել, օրինակ՝ աղբահանության, ձնամաքրման, փոսալցման և այլ խնդիրների մասին: Ըստ Ավինյանի՝ քաղաքացին կկարողանա տեսնել, թե յուրաքանչյուր դիմում ինչ փուլում է գտնվում:
««Ակտիվ քաղաքացի» հարթակն ու «Ակտիվ քաղաքացի» հավելվածը դառնալու են Երևանի քաղաքապետարանի ծառայությունների մատուցման կենտրոնական ծրագիրը, կենտրոնական հավելվածը, որի միջոցով, բացի նրանից, որ մենք պետք է ստանանք քաղաքացիներից խնդիրների վերաբերյալ հայտեր, մեր քաղաքացիները՝ երևանցիները, պետք է ունենան հնարավորություն՝ իրականացնելու իրենց վճարումները, կլինեն կոմունալ վճարումները, կլինեն մեր ծառայությունների վճարումները, նույնիսկ պետական ծառայությունների վճարումները՝ մենք պետք է հնարավորություն տանք այս հավելվածի միջոցով իրականացնել»,- ասաց Ավինյանը և ընդգծեց, որ հավելվածը քաղաքապետարանի հետ շփման մեկ միասնական հարթակ կդառնա: