Հոկտեմբերի 23-ից հետո, երբ ռուսական Առաջին ալիքով Հայաստանի պետական գործիչներին վերաբերող տասնյակ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ արվեցին, Հայաստանի վարչապետին նվիրված թողարկման մեջ աղավաղվեց նույնիսկ Ռուսաստանի նախագահի խոսքը, մեր երկրում թարմացան ռուսական հեռուստաալիքները հայկական մուլտիպլեքսից հեռացնելու մասին քննարկումները։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ պարունակող այդ հաղորդման առնչությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն կանչվեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը, բողոքի նոտա փոխանցվեց։
Ավելի ուշ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև բանակցությունների ընթացքում ռուսական կողմին ներկայացվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Հեռահաղորդակցության մասին համաձայնագրի խախտումների առկայության փաստը։
Հանդիպման արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն, որով, ըստ էության, ռուսական կողմն ընդունեց խախտումների առկայության փաստը: Հայկական կողմը դա քննարկումների այս փուլում համարեց բավարար: Խախտում, սակայն, արձանագրվել է ոչ միայն ռուսական Առաջին ալիքով:
Ռուսական «Սպուտնիկ» պետական ռադիոկայանի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» ռուսերենով հեռարձակվող հաղորդման նոյեմբերի 17-ի թողարկմանը Քեոսայանը վիրավորական բառերով է արտահայտվել Հայաստանի ժողովրդի և երկրի ղեկավարի մասին, նաև հնչեցրել սպառնալիքներ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նմանատիպ խախտումներ արձանագրել է ռադիոկայանի ևս 5 թողարկումներում և 30 օրով կասեցրել ռադիոկայանի հեռարձակումը Հայաստանի տարածքում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան