Երևանի տրանսպորտային համակարգը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու մասին քննարկումները տարիների, եթե ոչ տասնամյակների պատմություն ունեն:
Ձերբազատվել «ԳԱԶելներից», հասնել վարորդների վարքի փոփոխության, որ մանր չունենալու, վարելիս ծխելու համար ամեն օր տրանսպորտում վեճ չլինի: Նմանօրինակ պարզ հարցերին լուծում տալուց մինչև ընդհանուր համակարգ ունենալու անհրաժեշտություն կար. վերջին շրջանում բարեփոխումը գործնական փուլ հասավ:
Այս տարի վերջապես գծից դուրս եկավ վերջին «ԳԱԶելը», հանրային տրանսպորտի համար առանձնացված գծեր սկսեցին գործել, փորձարկվեց ու հիմա էլ ներդրվում է միասնական տոմսային համակարգը:
Սարքերն արդեն տեղադրված են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և բոլոր ավտոբուսներում:
Այս պահին հասանելի է միայն QR կոդով վճարումը, բայց պատասխանտուները վստահեցնում են՝ քաղաքացին շուտով ընտրելու տարբերակ կունենա, ինչն էլ կդյուրացնի գործընթացը:
Բարեփոխումներն արդյո՞ք ենթադրում են նաև գնի փոփոխություն. քաղաքապետարանից պնդում են՝ դա արդեն կորոշի ավագանին: