Դեկտեմբերի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Փարիզի քաղաքապետարանում մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել քաղաքապետ Անն Հիդալգոն, ով ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանն այսօր առավել մոտ են քան երբևէ, և այդ հարցում իր նշանակալի ներդրումն ունի դեսպան Տոլմաջյանը, ով կարողացել է Հայաստանի ու հայ ժողովրդի պաշտպանության ու աջակցության գաղափարի շուրջ միավորել Ֆրանսիայի ամենատարբեր հասարակական-քաղաքական հոսանքների պատկանող գործիչների և կազմակերպությունների՝ այդ հիմնահարցը դարձնելով նաև ֆրանսիական հասարակության համախմբման անկյունաքարերից մեկը։
Քաղաքապետ Հիդալգոն նշել է, որ Փարիզը և ողջ Ֆրանսիան եղել և շարունակելու են լինել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին, և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին Փարիզի բարձրագույն մեդալով պարգևատրումը նաև այդ հանձնառության վկայությունն է։
Դեսպան Տոլմաջյանն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի քաղաքային խորհրդի անդամներին՝ այս պարգևատրմամբ մեծագույն պատվի արժանացնելու և դրանով նաև ողջ հայ ժողովրդին հերթական անգամ զորակցության ու համերաշխության ուղերձ հղելու համար։
Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ ժողովուրդը բախվել է լրջագույն մարտահրավերների, և Հայաստանը բարձր է գնահատում ու առանձնակի կարևորում է այս դժվարին ժամանակահատվածում ողջ Ֆրանսիայի, մասնավորապես՝ Փարիզի պես անկեղծ բարեկամի առկայությունն իր կողքին։
Դեսպանը հիշեցրել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է հազարամյա պատմության և քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա, և վստահություն է հայտնել, որ այն շարունակելու է զարգանալ ու խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
ՏԵՂԵԿԱՆՔ 1911թ․ ստեղծված Փարիզի Մեծ մեդալը շնորհվում է համամարդկային կարևորություն ունեցող հարցերում նշանակալի ձեռքբերումների և գործողությունների համար։ Մինչ օրս շքանշանով պարգևատրվել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լըգրանը, համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Բրիժիթ Բարդոն և Ժան-Պոլ Բելմոնդոն, ինչպես նաև գիտության, մշակույթի, գրականության և քաղաքականության մեջ մեծ ավանդ ունեցող այլ նշանավոր գործիչներ։